ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. 100 դրամանոց «հեղափոխություն»

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. 100 դրամանոց «հեղափոխություն»
20.07.2013 | 17:56

Այսօրվանից թանկացած հանրային տրանսպորտից օգտվել, բայց «հին» սակագնով՝ 100 դրամ վճարելը ոմանք բնորոշում են որպես «բունտ»: Մյուսները գործածում են «բողոք», «ակցիա», անգամ՝ «հեղափոխություն» բառերը: Ամեն մեկն, իհարկե, ինչ-ինչ փաստարկներ կբերի՝ հօգուտ իր բնորոշման: Բայց, ըստ իս, եթե խորը նայենք, ապա երևույթի առավել դիպուկ բնորոշումը «քաղաքացիական անհնազանդությունն» է:
Սա հետաքրքիր պահ է ու հատկանշական հանգամանք: Ավելին, այն շղթայական ռեակցիայի էֆեկտ կարող է ունենեալ և ունի: Սա նաև լուրջ ազդանշան-ահազանգ է իշխանություններին, հատկապես՝ գործադիր իշխանությանը, որ պետք է սեղմել արգելակման ոտնակը:
Իրարահաջորդ թանկացումները, որոնց հարվածային ուժն, ի դեպ, քաղաքացիները դեռ լիովին չեն զգացել իրենց ընտանեկան բյուջեների վրա, բնականաբար, չէին կարող դժգոհությունից բացի, այլ բան հարուցել: Այդ՝ ինքնին հասկանալի տրամադրությունների ծավալմանն ու արմատավորմանը նպաստում է նաև այն իրողությունը, որ թանկացումները տնտեսական աշխուժության կամ էլ բնակչության եկամուտների աճի հետևանք չեն: Ավելին, բնակչության եկամուտների աճ առաջիկա ամիսներին չի էլ սպասվում:
Եվ հանրային տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս բարձրացումը, իսկապես, բաժակը լցնող վերջին կաթիլի էֆեկտ ունեցավ կամ կարող է ունենալ, մանավանդ, մի վիճակում, երբ պարզ հաշվարկները հերքում են նման քայլի հիմնավորված լինելը:
Միշտ էլ դժվար է միանշանակ պնդել՝ այս կամ այն երևույթը լա՞վ է, թե՞ վատ, քանզի կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հետևանքներ: Սակայն տվյալ պարագայում ինձ ավելի շատ հետաքրքրում է բուն անհնազանդության պահը, երբ 100 դրամ վճարում է ոչ թե «երիտասարդ ակտիվիստը»՝ ակցիա անելով, այլ բանվոր Պողոսը կամ կենսաթոշակառու Հոռոմսիմը: Ըստ որում, երբ դա անում է ոչ թե հավելյալ 50 դրամանոց չունենալու պատճառով, ոչ թե՝ ներողություն հայցողի տեսքով, այլ գիտակցաբար, որպես բողոքի նշան, դա նշանակում է, որ գուցե ոչ լիովին գիտակցելով, բայց նա սկսում է հասկանալ, որ իրենից, այնուամենայնիվ, ինչ-որ բան կախված է: Այսինքն՝ փոխվում է շուրջը կատարվողի հանդեպ նրա դիտանկյունը, ընկալումը: Իսկ դա արդեն հեղափոխություն է, որ կատարվում է անհատապես, ամեն մեկի ներսում:
Առավել հետաքրքիր է, որ դա կատարվում է քաղաքական ուժերի արձակուրդային հրաժարականի պայմաններում: Բայց թողնենք «հոգնած» պոլիտիկոսներին:
Նշածս «հեղափոխության» դրական արդյունքը, թերևս, կարող է լինել այն, որ հասարակության գոնե մի որոշակի շերտ կկարողանա բնականորեն ինքնակազմակերպվել ու որոշակիացնել իր պահանջները, ստիպելով հաշվի նստել իր հետ, որպես քաղաքական սուբյեկտի:

Դիտվել է՝ 2833

Մեկնաբանություններ